Մտածում էի, որ գուցե ինձ այդ ձևաչափում լավ չզգամ ու ինչ-որ բաներ լավ չստացվի. Արմեն Մարգարյանը՝ «Change» սիթքոմի մասին
LIFELife.panorama.am-ը դերասան Արմեն Մարգարյանի հետ խոսել է «Change» սիթքոմի եւ առաջիկա աշխատանքների մասին:
-Արմեն, կարծիքներ կան, թե «Change» սիթքոմը նոր եթերաշրջան չի ունենա, դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը:
- Ոչ, նման բան չկա: Սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսենք հաջորդ շաբաթ: Ճիշտ է՝ զարգացումների մասին դեռեւս ինքս էլ տեղյակ չեմ, բայց այն, որ սիթքոմը կունենա նոր եթրաշրջան, հաստատ է:
-Հիմա, եթե վերագնահատեք այս նախագծում Ձեր կատարած աշխատանքը, ի՞նչ բնորոշում կտաք:
- Անկեղծ ասած, երբ ստացա մասնակցության առաջարկը, երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել՝ համաձայնել, թե ոչ: Մտածում էի, որ գուցե ինձ այդ ձեւաչափում լավ չզգամ ու ինչ-որ բաներ լավ չստացվի. դերասանը շատ զգուշավոր պետք է լինի, որ իր հանդեպ կուտակած սերն ու հարգանքը չկորցնի, ուստի ես միշտ դերեր վերցնելուց առաջ երկար եմ մտածում այն հաղթահարելու մասին: Ինչեւէ, երկար քննարկումներից հետո չէի կարողանում մինչեւ վերջ գտնել կերպարիս իրական տեսակն ու թե ինչպես է նա ներկայանալու: Այդ ընթացքում հանդիպեցի արդեն ընտրված դերասանների հետ ու հասկացա, որ նրանք ամբողջությամբ համահունչ են իրենց կերպարներին: Արդյունքում առաջարկեցի, որպեսզի ես էլ կեղծամով ներկայանամ. Այս գաղափարս սզկբում մտավախության պատճառ դարձավ անձնակազմում, բայց հետո, կարծես, թե չսխալվեցինք: Հիմա ուրախ եմ, որ ներգավվեցի այս աշխատանքում, որտեղ ինձ համար բացահայտեցի Հովհաննես Ազոյանին. Նա շատ տաղանդավոր ու լավ մտածողությամբ մարդ է: Նաեւ հիացած եմ մեր ռեժիսորով, ով, լինելով շատ երիտասրադ, շատ շնորքով է ու լավ է պատկերացնում, թե ինչի վրա պետք է շեշտը դնել: Նա կարողանում է դերասաններին չափի մեջ պահել, որպեսզի չշեղվեն կերպարների փակագծերից: Ընդհանուր թե դերասանական, թե ստեղծագործական թիմը շատ լավն է ու պրոֆեսիոնալ, ինչի համար ուրախ եմ:
-Նկարահանվել եք նաեւ «Շանթ»-ի «Օտարը» հեռուստասերիալում, փորձելու եք համատեղե՞լ երկու աշխատանքները:
- «Օտարը» հեռուստասերիալում ընդամենը երկու սերիայում կլինեմ: Հենց այդ պատճառով էլ համաձայնեցի նկարահանվել: Ինքս խուսափում եմ երկարատեւ նախագծերում նկարահանվել, քանի որ սիթքոմը եւս երկար ժամանակ է ինձնից պահանջում:
-Իհարկե, պրոֆեսիոնալ դերասանը պետք է կարողանա իրեն դրսեւորել եւ դրամայում, եւ կոմեդիայում: Միաժամանակ՝ դերասանը երբեմն իր մեջ նախապատվություն է տալիս որեւէ ժանրին: Ձեր պարագայում, ո՞ր ժանրն է հաղթողը:
- Ժամանակի ընթացքում մտածում էի, թե կոմիկ կերպարներն են ինձ համահունչ, հետո ասում էին, թե դրամատիկ ժանրում եւս կարողանում եմ ինձ դրսեւորել: Կոնկրետ ինձ համար ժանրային խտրականություն չկա ու երբեք էլ չի եղել: Ինձ համար կարեւոր է գտնել տվյալ կերպարիս հոգեվիճակը. ես պատրաստ եմ յուրաքանրյուր հոգեվիճակ ընկալել ու ներկայացնել: Դերասանը պետք է կարողանա երկու ժանրում էլ խաղալ, տարանջատել չի կարելի: Նախկինում նման տարանջատում չի էլ եղել, հիմա են այդպես բնորոշում, երբ նախկին КВН-ի մասնակիցները սկսեցին զբաղվել կոմեդիկ նախագծերով, աստիճանաբար նրանց սկսեցին համարել կոմիկ դերասաններ:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



