Ղարաբաղյան կարգավորումը ռուս-ամերիկյան ջերմացման եզակի հնարավորություն է բացում. Քերի Քավանո
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Վաշինգտոնին և Մոսկվային հարաբերությունները բարելավելու եզակի հնարավորություն է տալիս, «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն։
«Միանշանակ, նախագահ Թրամփը կցանկանար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դրա հնարավորությունը տալ, թույլ տալով Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին արդյունավետ աշխատելով միասին, այս հակամարտությունը խաղաղ կարգավորման հասցնել»,– ասել է նա:
Նախկին դիվանագետի կարծիքով, ով վերջերս այդ խնդրի շուրջ հոդված էր հրապարակել, ի տարբերություն Ուկրաինայի և Սիրիայի խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նպատակները միմյանց շատ մոտ են։
«Իմ հրապարակմամբ ես ցանկացա ազդանշան ուղարկել ԱՄՆ-ի նոր վարչակազմին, մատնացույց անել ահա մի ոլորտ, որտեղ երկու տասնամյակ շարունակվում է ռուս-ամերիկյան լուրջ համագործակցություն»,– ընդգծել է նա:
Անդրադառնալով Արցախում քառօրյա պատերազմին` նախկին դիվանագետ, իսկ այժմ` Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Ուեյն Մերրին ընդգծում է Մոսկվայի կարևոր դերը պատերազմի դադարեցման մեջ. «Հենց Ռուսաստանի ազդեցությամբ հնարավոր եղավ կանխարգելել այդ բախման ընդլայնումը»:
Վերլուծաբանը համոզված է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում չի բխում բացարձակապես որևէ մեկի շահերից։ «Ղարաբաղը մի խնդիր է, որտեղ պատերազմը բոլորի պարտությունն է, պատերազմը բոլորի շահերի դեմ է»,– ասել է նա:
Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին, անդրադառնալով քառօրյա պատերազմին նշում է, որ այն կողմերին ցույց տվեց պատերազմի վտանգն այսօրվա իրականության մեջ։
«Կարծում եմ՝ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները տեսան, թե ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, համոզվեցին, որ դա շատ արյունալի պայքար է լինելու և կողմերից և ոչ մեկի համար հեշտ չի լինելու»,– ասել է նա:
Քերի Քավանոն, սակայն, այս առումով լավատես չէ: Նրա կարծիքով, պատերազմի վտանգը Ղարաբաղում մնում է քանի դեռ բացակայում է իրական խաղաղ գործընթացը: Այս պայմաններում, դեսպանը նշում է, որ կողմ է հայկական կողմի նախաձեռնությանը՝ շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ։
«Նախկինում ես դեմ էի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը բաժանող շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրմանը, սակայն այժմ, երբ ավելանում է հրադադարի խախտումների, կրակոցների թիվը, երբ կողմերն անընդհատ միմյանց են մեղադրում, կարծում եմ հասել ենք մի կետի, երբ նման սարքավորումներն արժեքավոր կլինեին»,– ասել է նա:
Նախկին դիվանագետի խոսքով, նման սարքավորումների առկայությունը թույլ կտա միջազգային միջնորդներին պատկերացնել, թե ով է խախտում հրադադարը և ինչպես դրա դեմն առնել:



