Արտաշատի երեխաների աջակցության կենտրոնը ծառայություններ կմատուցի հաշմանդամություն ունեցող 50 երեխայի
SOCIETYԱրտաշատի երեխաների աջակցության կենտրոնը սոցիալական և կրթական ծառայություններ կմատուցի քաղաքի՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին: Կենտրոնը կսկսի գործել երկու ամսից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Անահիտ Նահապետյանը:
«Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրն իրականացվում է հինգ երկրում՝ Կոսովոյում, Ալբանիայում, Վրաստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Հայաստանում: Բոլոր երկրներում ստեղծվել են նման կենտրոններ: Ծրագիրը ֆինանսավորում է Save the children կազմակերպությունը: Հայաստանում նման կենտրոն գործում է դեռ միայն Երևանում և Արմավիրում: Եռամյա ծրագրի շրջանակում, որը սկսել է գործել անցյալ տարվանից, նախատեսված է, որ Արմավիրի կենտրոնը պիտի ծառայություններ մատուցի նաև Արարատի մարզում, քանի որ այս մարզու մ նման կենտրոն չկա: Մարզում ընտրեցինք ամենահարմար վայրը՝ Արտաշատ քաղաքը»,- ասաց Անահիտ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Արտաշատի քաղաքապետարանը հատկացրել է ժամանակավոր տարածք, որտեղ Արմավիրի երեխաների աջակցության կենտրոնի մասնագետները պարապում են երեխաների հետ: Համակարգում են, թե որ երեխայի հետ ինչ մասնագետ պիտի աշխատի: Քաղաքապետարանի տրամադրած մշտական տարածքի նորոգումից հետո, կսկսի գործել կենտրոնը:
«Երեխաների հետ կաշխատեն հոգեբան, արտ-թերապևտ, սոցաշխատող: Արտաշատի երեխաների աջակցության կենտրոնը կաշխատի ամեն օր ժամը 10:00-16:00-ը: Շաբաթը մեկ մեր ամբողջ մասնագիտական կազմը կգնա Արտաշատ՝ երեխաների հետ պարապմունքներ անցկացնելու»,- ասաց Անահիտ Նահապետյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաշատի սոցիալական ապահովության պետական ծառայությունից՝ Արտաշատում գրանցված են հաշմանդամություն ունեցող 50 երեխա, որոնց հետ կաշխատեն համապատասխան մասնագետները:



