Շվեյցարիայում Թուրքիայի նախկին փոխդեսպանը ապաստան է խնդրել
SOCIETYՇվեյցարիայում Թուրքիայի նախկին փոխդեսպան Վոլքան Քարագյոզը իր և ընտանիքի համար ապաստան է խնդրել տեղի իշխանություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Շվեյցարիայի դաշնային կառավարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող և դիվանագիտական անձնագիր ունեցող մի խումբ անձինք ապաստան ստանալու դիմում են ներկայացրել` առանց մանրամասնելու այդ տեղեկությունը:
Շվեյցարական հեղինակավոր Tages Anzeiger պարբերականի տվյալներով` ապաստան ստանալու դիմում ներկայացրածների շարքում է նաև Վոլքան Քարագյոզը: Շվեյցարացի մի շարք քաղաքական գործիչներ համոզմունք են հայտնել, որ եթե նախկին փոխդեսպանը ապաստան ստանա, ապա դա Թուրքիայի և Շվեյցարիայի միջև քաղաքական ու տնտեսական ճգնաժամի կհանգեցնի:
Շվեյցարիայում Թուրքիայի փոխդեսպան Քարագյոզը Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո տարվող հետաքննության շրջանակում 2017 թվականի փետրվարին հեռացվել էր աշխատանքից: Նրան մեղադրում են գյուլենականներին հարելու մեջ: Դիվանագետին կանչել էին հետ` Անկարա, սակայն նա հրաժարվել էր վերադառնալ հայրենիք:



