Ֆրանսիայի Նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտում է որպես խաղաղության հաստատման քայլ
INTERNATIONAL NEWSՀայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի համար հիշեցում է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել որևէ ժողովրդի ոչնչացումը: Նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդես եկավ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք մշտապես դիտարկել ենք որպես խաղաղությանհաստատման քայլ. խաղաղություն ինքներս մեզ հետ, ինչպես նաև խաղաղություն երկրների միջև: Մենք մշտապես դիտարկել ենք Հայոց ցեղասպանության խնդիրն ավելի գլոբալ համատեքստում, ինչը դրսևորվում է նրանում, որ մենք ուշադրություն ենք դարձնում մարդկության դեմ բոլոր հանցագործություններին և պատերազմի հանցագործություններին»,- շեշտեց Ֆրանսիայի Նախագահը:
Այս համատեքստում Ֆրանսուա Օլանդը հիշատակեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման միջոցառումներին մասնակցելու նպատակով իր այցը Երևան, որը նրա համար խիստ հուզիչ էր: «Ես ցանկանում էի իմ ներկայությամբ հաստատել, որ Ֆրանսիանշարունակելու է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- ընդգծեց Օլանդը:



