Մերկելը պատասխանել է Էրդողանի` Գերմանիայի գործողությունները նացիստների հետ համեմատելուն
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ «ընդհանրապես ոչ մի արդարացում» չի տեսնում նացիզմի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Էրդողանի խոսքերն արժեքազրկում են այն մարդկանց տառապանքների անհատակ անդունդը, ովքեր դարձել են մարդկության դեմ նացիզմի հանցագործությունների զոհը: Գերմանիայի իշխանություններն առաջվա պես հավատարիմ են մամուլի, խոսքի և հավաքների ազատության սկզբունքներին և չեն խոչընդոտի Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի նախօրեին թուրք քաղաքական գործիչների արշավներն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հարգում են Գերմանիայի օրենքները», - ասել է Մերկելը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Էրդողանը Գերմանիայում թուրքական հանրահավաքների արգելքը համեմատել է նացիստների գործողությունների հետ:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայից պահանջել է ազատ արձակել Յուջելին։



