Էրդողանը Գերմանիայում թուրքական հանրահավաքների արգելքը համեմատել է նացիստների գործողությունների հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի մասնակցությամբ «Եվրոպայի թուրք դեմոկրատների միության» միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին Գերմանիայի իշխանությունների որոշումը, հայտնում է Anadolu-ն:
«Գերմանիայի իշխանությունները խոչընդոտում են թուրք քաղաքական գործիչների ելույթը: Արդյո՞ք Բեռլինում կարծում են, որ նման մեթոդներով նրանք կկարողանան ազդել Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի արդյունքների վրա»,- նշել է նա:
Էրդողանն ընդգծել է, որ Գերմանիայի իշխանությունների դիրքորոշումը ընդհանուր ոչինչ չունի ժողովրդավարության սկզբունքների հետ:
«Նրանց ներկայիս գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստների մեթոդներից»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիդեռլանդներում նույնպես չի թույլատրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ տեղի թուրք համայնքի հետ սպասվելիք հանդիպում-հանրահավաքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասին դուր չի եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի այցն իր երկիր:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։



