«Վարչապետը լավ կաներ՝ հայտարարություններից հետո գործողությունների անցներ». Անդրանիկ Քոչարյան
POLITICSՎարչապետը լավ կաներ հայտարարություններից հետո գործողությունների անցներ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ վառելիքի պատճառով զինտեխնիկան չի գործել:
Նրա խոսքով, վարչապետ Կարեն Կարապետյանը ունի այդ լիազորությունները՝ ճշտելու իրավիճակը, նոր հայտարարություններ անելու: «Եթե հայտարարությունները պետք է մնան որպես հայտարարություններ, դա ոչ մի բան չի տալիս երկրին»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ այդ հայտարարությամբ փորձ է արվում ստվեր գցել ընտրություններին մասկանցող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վրա, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Նախկին նախարարներին վատաբանելու խնդիր չկա, պարզապես, եթե խոսում է այդ թեմայով, պարտավոր է անցնել գործողությունների»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին սկանդալային հայտարարություն էր արել: Նրա խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը:



