Արման Սահակյանը՝ իր կնոջ մասնակցությամբ հեռախոսազրույցի մասին
POLITICSՀՀԿ-ի ցուցակով, ռեյտինգային ընտրակարգով Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նորմալ է համարում, այն, որ իր կինը փորձել է աջակցել իրեն:
Այսօր՝ մարտի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում Արման Սահակյանը այն խոսակցությունները, թե իր կինը՝ Սեդա Հակոբյանը, որը 38 մանկապարտեզի տնօրենն է, աշխատանքային ժամին իր ենթակայության տակ գտնվողներին հրահանգում է մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում՝ «թյուր ինֆորմացիա» որակեց:
«Դրանք բացարձակապես թյուր ինֆորմացիա են: Նախ աշխատանքային օր չի եղել, այլ աշխատանքից հետո ա եղել, երկրորդ՝ ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ հարազատները, բոլորը պատրաստ են, ունակ են զբաղվելու իմ քարոզարշավով: Եթե վատ բան լիներ, բնականաբար, որոշակի ընթացք կտրվեր»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջինները մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:



