Շահգելդյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու միակ պայմանը
SOCIETY«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կկազմի միայն քաղաքական որոշումների ընդունման վրա լուրջ ազդեցություն ունենալու պարագայում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Մենք կոալիցիա կկազմենք, երբ վստահ լինենք, որ ունենք մեխանիզմներ, որպեսզի կարողանանք ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շահգելդյանը:
Հարցին՝ երբ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր կազմել, այդ ժամանակ ունե՞ր ազդեցություն որոշումների ընդունման վրա, Շահգելդյանը պատասխանեց. «Մենք այն ժամանակ ունեինք որոշակի ծրագրեր, որոնց կյանքի կոչելու համար կոալիցիա կազմեցինք Հանրապետականի հետ: Մեզ հաջողվեց կյանքի կոչել որոշ ծրագրեր, սակայն եկավ մի պահ, երբ այլևս դա հնարավոր չէր, և հենց դրա համար էլ մենք դուրս եկանք կոալիցիայից, իսկ հիմա էլ հայտարարում ենք, թե որ դեպքում կգնանք կոալիցիա կազմելու ճանապարհով»,- եզրափակեց Մհեր Շահգելդյանը:



