Արարատում գնացքը վրաերթի է ենթարկել ոչխարի հոտը. 140 ոչխար տեղում սատկել է, մոտ 25-ը՝ վիրավորվել
SOCIETYԱրարատի մարզում այսօր առավոտյան գնացքը վրաերթի է ենթարկել ոչխարի հոտը։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի վրա 150-ից ավելի սատկած ոչխարներ ու գառներ կան։
Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրայով անցնող ոչխարի հոտը։ Դեպքի հետևանքով մոտ 140 ոչխար տեղում սատկել է, իսկ մոտ 25 ոչխար էլ վիրավորվել է։
«Առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում։ Ոչխարներն այն աստիճանի են վնասվել, որ անհնար է կազմակերպել դրանց մորթը»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ թեև դեպքն իրենց գյուղում է պատահել, ոչխարների տերը Զովաշեն գյուղից է։
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բեռնատար գնացքի վարորդն արդեն հայտարարել է, որ մառախուղ է եղել և ինքը չի նկատել գառներին։



