Եռաբլուրում զինվորական արարողակարգով հուղարկավորեցին հակառակորդի կրակոցներից զոհված Ռոբերտ Մկրտչյանին (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEOԵռաբլուր զինվորական պանթեոնում այսօր զինվորական արարողակարգով հրաժեշտ տվեցին Արցախում զոհված 20-ամյա Ռոբերտ Սուրենի Մկրտչյանին:
Նա այն 4 զինվորներից մեկն էր, ով սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման հետևանքով բեկորային մահացու վիրավորում էր ստացել:
Պանթեոնում էին նրա հարազատները, ընկերները, բարձրաստիճան սպաներ, զինվորականներ: Ընկերները և հարազատները Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ Ռոբերտը չափազանց խելոք, համեստ, հայրենասեր տղա էր:
«Նա միակողմանի ծնողազուրկ էր՝ հայր չուներ, մայրը հիվանդ է, իսկ ընտանիքի հոգսը կրում է քեռին: Շատ խեղճ ու կրակ ընտանիքից է, հանրակացարաններում են ապրում, բայց պետք ա նոր տուն ստանային, չհասցրեց տեսնել»,- ասացին հարևանները:
Նրա մորեղբայրը, թեև չներկայացավ, մեզ հետ զրույցում, միայն նշեց, թե հույս ունի, որ իրենց տղան կլինի վերջին զոհը մեր բանակի: «Դեպք ա եղել է: Ես կասեի, որ մեր տղան ոչ թե մահացավ, այլ անմահացավ»,-ասաց նա:





