Ադրբեջանը վերացնում է հրադադարի ռեժիմը, այն փոխարինելով սադրանքների ռեժիմով. հայտարարություն
SOCIETYԱդրբեջանական բանակի կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու մարտական դիրքերից կիլոմետրեր հեռու տեղաբաշխված ԼՂՀ զինվորական ստորաբաժանումները հրետակոծությունների թիրախ դարձնելը, որի հետեւանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ եւ զինծառայողներ, խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, միջազգային հանրությունը, Հայաստանն ու Արցախը գործ ունեն ահաբեկչական գործելակերպ որդեգրած, անհաշվետու եւ սանձարձակ ամենաթողության սկզբունքներ դավանող պետության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը:
«Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական եւ մարդասիրական նորմերի եւ իր ստանձնած պարտավորությունների հանդեպ: Զինված ընդհարումներ հրահրելով եւ սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը եւ այն փոխարինում շարունակական սադրանքների եւ քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը:
Անկախ այս ամենից, Արցախի քաղաքական ինքնորոշումը կայացած ու անշրջելի փաստ է: Ինքնորոշված ու ազատ Արցախը Ադրբեջանին բռնակցելու եւ իր խանական լծի տակ դնելու ալիեւյան մարմաջը անիրականանալի ցնորք է, որի հետեւից գնալը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար:
Ցավակցում ենք մեր զոհված քաղաքացիների ու զինծառայողների ընտանիքներին եւ կիսում հարազատների վիշտը:
Զորակցություն ենք հայտնում մեր բանակի զինվորներին, սպաներին ու հրամանատարներին, վստահ ենք մեր բանակի ուժին»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի հայկական սահմանամերձ բնակավայրերը: Սեպտեմբերի 24-ին դրա հետեւանքով 3 խաղաղ բնակիչ էր զոհվել:
Սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:



