Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները ԵՄ առաջնահերթություններից են
SOCIETYՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել Եվրամիությա ն ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և նախանշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու ու խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի շարունակականությանը, դատաիրավական, ինստիտուցիոնալ ու օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցերին:
Նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը, դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրին, ինչպես նաև քննարկել էլեկտրոնային կառավարության, այն է՝ պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ամբողջական ներդրմանն առնչվող հարցեր:



