Բազմասեր Առաքելյանը հերքում է Փարպիում իր տանը ծեծկռտուքի մասին լուրերը
POLITICSԱզգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Բազմասեր Առաքելյանը հերքում է Փարպի գյուղի իր տանը ծեծկռտուքի մասին մամուլում շրջանառվող լուրերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ որևէ ծեծկռտուք չի եղել: «Որևէ միջադեպ չի եղել: Եթե դր անով շատ եք հետաքրքրված, սպասեք մի քանի օր և կիմանաք իրականությունը»,- ասաց Առաքելյանը:
Նա ընդգծեց, որ վերջին անգամ ծեծկռտուք, քաշքշուկ արել է 15 տարի առաջ, երբ մարզիկ է եղել: «Ես նման բաներ վերջին անգամ արել եմ այն ժամանակ, երբ եղել եմ գորգում, ռինգում: Այդպիսի երևույթները ինձ բնորոշ չեն»,- ասաց պատգամավորը:
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ ոչ մի միջադեպ չի եղել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ պետք է անի, որ իր ընտրատարածքում ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և անբիծ:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանն էր հայտարարել, թե իշխող Հանրապետականի կողմից տարածքային թեկնածու առաջադրված Բազմասեր Առաքելյանը Փարպի գյուղի իր տանը մի քանի տասնյակ կողմնակիցների հետ դաժան ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին՝ միայն այն բանի համար, որ նա ոչ թե իրեն, այլ Դաշնակցությանն է մտադիր ձայն տալ: Դատախազությունը ոստիկանություն է ուղարկել պատգամավոր Բազմասեր Առաքելյանի տանը տեղի ունեցած ծեծկռտուքի մասին մամուլի հրապարակումները, քրեական գ ործ առայժմ հարուցված չէ:



