Շփման գծի վերջին միջադեպն ընդգծեց բանակցություններն անհապաղ վերսկսելու անհրաժեշտությունը. Հոգլանդ
SOCIETYԱրցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում փետրվարի 25-ին գրանցված միջադեպն ընդգծում է տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Փետրվարի 25-ի մեր հայտարարությամբ ես և իմ գործընկեր համանախագահները վերստին կոչ արեցինք հարգել հրադադարի ռեժիմը և ուժ չկիրառելու հանձնառությունը: Այս վերջին միջադեպը մեկ անգամ ևս ընդգծում է տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը»,- նշեց Մինսկի խմբի համանախագահը:
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել էր հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել էր զոհեր և վիրավորներ:



