Բազմազավակ ընտանիքը բնակարան ունեցավ նախկին վարչապետի շնորհիվ. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Իջևան քաղաքում բնակվող, անչափահաս 6 տղաների հայր Դավիթ Սահակյանի 8 հոգանոց ընտանիքը բնակարան չուներ, ժամանակավորապես բնակվում էր Ռուսաստանում գտնվող բարեկամի իջևանյան տանը: Բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանում բնական գազի միայն մեկ միացման կետ կար, հոկտեմբերից մինչև ապրիլ իրենց ընտանիքը ստիպված էր երկու սենյակում էլեկտրաէներգիայով ջեռուցում ապահովել:
Դավիթ Սահակյանը՝ բնակարան ունենալու խնդրով գրավոր և բանավոր դիմել է շատ պետական պաշտոնյաների, բարերարների, մասնավորապես՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Գրավոր, ինչպես Դավիթ Սահակյանը, այնպես էլ կինը, դիմել են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ՀՀ նախագահի նստավայր ու Ազգային ժողով, անգամ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, որպեսզի նրա գլխավորած ընկերությունը իր ընտանիքին գոնե ֆինանսապես աջակցի սպառած էլեկտրաէներգիայի գումարը մուծելու համար, սակայն որևէ մեկի կողմից բացարձակապես որևէ դրական քայլ չի արվել այս ընտանիքի համար:
2015 թ. աշնանը Տավուշի մարզկենտրոն Իջևան է այցելել այն ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում մոտեցել ու նույն խնդրով դիմել է Դավիթ Սահակյանը. «Եզակի մարդկայնություն դրսևորեց պարոն Հովիկ Աբրահամյանը, մեկ ժամվա ընթացքում կարգավորեց խնդիրը, որի արդյունքում մեր արդեն 9 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է հարմարավետ բնակարանում»:
Դավիթ Սահակյանն իր բազմազավակ ընտանիքի, ի դեմս տիկնոջ, երեք երկվորյակ որդիների՝ Արծրունի և Սահակի (10 տարեկան), Նարեկի և Սարգիսի (6 տարեկան), Գագիկի և Կամսարի (2 տարեկան) ու 4 ամսական Ռոզայի, խորին շնորհակալությունն է հայտնում Հովիկ Աբրահամյանին՝ իրենց ընտանիքի նվիրական երազանքն ի կատար ածելու համար. «Միայն Հովիկ Աբրահամյանը կարողացավ լուծել խնդիրը…»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



