Սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է. Լևոն Զուրաբյանը՝ սահմանային վերջին միջադեպերի մասին
SOCIETYԱյսօրվա ԱԺ քառօրյա նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրաձայնեց սահմանային լարվածության հարցը: Այս մասին հայտնում է Past.am-ը:
«Փետրվարի 24-ի լույս 25 գիշերը տեղի են ունեցել դիվերսիոն գործողություններ, որոնք կարող էին ծանր հետևանքներ ունենալ: Փառք մեր զինվորներին և հրամանատարներին, որ զգոն են եղել, առանց կորուստների հետ են մղել գրոհը՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: Ակնհայտ է, որ տեղի է ունենում ռազմական գործողությունների էսկալացիա »,-ասաց Զուրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է և նոր պատերազմական իրավիճակի համար նախերգանք: «Եթե շատ արագ չձեռնարկվեն ադեկվատ միջոցառումներ ռազմաճակատի գծի ամրապնդման, դիվանագիտական ջանքերի ակտիվացման ուղղությամբ, մենք կանգնած ենք կործանարար հետևանքների հեռանկարների առաջ»,- ընդգծեց Զուրաբյանը: Զուրաբյանն ԱԺ նախագահությանն առաջարկեց փակ նիստ հրավիրել, որպեսզի քննարկվեն Հայաստանին սպառնացող անվտանգության խնդիրները: Արձագանքելով առաջարկին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Պետք է հասկանանք, , թե ինչ ենք անելու փակ նիստում, երբ ամեն գործողություն, որը կատարվում է, ողջ հասարակությունը գիտի: Համենայնդեպս, կմտածեմ»:
Լևոն Զուրաբյանը խոսք խնդրեց՝ փորձելով ճշտել՝ կհրավիրվի՞ նիստ, թե՞ ոչ, քանի որ, ըստ Զուրաբյանի, անվտանգությունից կարևոր հարց չպետք է լինի: ԱԺ նախագահը պատասխանեց, որ այդ հարցերը շատ կարևոր են, բայց պետք է ձեռնարկվի գործընթաց, որ հնարավոր լինի արտահերթ նիստ գումարել: Սահակյանի խոսքով՝ պետք է լինի նախագիծ, որ հասկանալի լինի, թե ինչ են ուզում քննարկել այդ փակ նիստի ժամանակ:
Լևոն Փանոսյան



