Ո՞րն է վաղվա խորհրդարանական լսումների իմաստը,եթե հոսանքի թանկացման որոշումն արդեն կայացվել է
SOCIETYՎաղը՝ հունիսի 12-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով:
Past.am-ը ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին հարցրել է՝ ո՞րն է այս լսումների իմաստը, եթե մի քանի օր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն կայացրել է 6,93 դրամով թանկացնելու որոշում:
«Տեղին հարցադրում է, հարցի մեջ որոշակի տրամաբանություն կա, բայց ես կարծում եմ, որ խորհրդարանական լսումները իմաստ ունեն, որովհետև մենք պետք է լսենք բոլոր կողմերին՝ հայտը ներկայացնող կազմակերպություններին, հայտը բավարարող կազմակերպություններին, էներգետիկայի նախարարությանը, որպեսզի կարողանանք հանրությանը տալ պարզաբանում՝ ով է մեղավոր ի վերջո, և ինչո՞ւ մենք պետք է սպասարկենք այլոց վատ մենեջմենթի արդյունքում առաջացած պարտքերը: Ակնհայտ է, որ սակագինը բարձրացնելու քաղաքական որոշումը կայացված է, բայց պիտի պարզություն մտցվի այն հարցում՝ ո՞ւմ մեղքով դա եղավ և ո՞վ պետք է պատասխանատվություն կրի սրա համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է առաջարկությունների երկու մասնագիտական փաթեթ, որից առաջինը վերաբերում է համակարգի առողջացմանը, իսկ երկրորդը՝ փոխհատուցման այն մեխանիզմերին, որոնք հնարավորություն կտան, որ սակագինը բարձրացնելու դեպքում՝ սպառողի վրա դա շատ չազդի: Նաև մեզ համար կարևոր է՝ ՀԾԿՀ-ն ընդունե՞լ է մեր առաջարկությունները, թե՞ոչ: Մենք, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնք միայն գոռում են, որ դեմ են թանկացմանը, առաջարկել ենք որոշակի մեխանիզմներ: Այդ առումով, մեզ հետաքրքիր են լսումները, և մենք դրանց անպայման մասնակցելու ենք: Ի վերջո՝ ՀԷՑ-ը պետք է պատասխան տա, ինչո՞ւ իրենց մեքենաները, լվանալու, վերանորոգելու ամբողջ գումարները ներառվում են սակագնի բարձրացման հայտի մեջ:
Գուցե այդ մարդիկ ունե՞ն իրենց հիմնավորումները: Ես չեմ բացառում նաև, որ այս ամբողջ պատմությունն ունենա նաև քրեական հետևանք: Եթե քաղաքացին մեկ օր չի վճարում տան հոսանքի համար, ապա անջատում են: Իսկ ի՞նչ կերպ են կուտակվել այս պարտքերը: Այս պատասխանները մենք պետք է ստանանք բոլոր կողմերից: Ես հույս ունեմ, որ վաղը մենք կունենանք բազմակողմանի տեղեկատվություն: Մեզ համար էլ կարևոր է, թե փոխհատուցման հետ կապված, մեր առաջարկները հաշվի առնվե՞լ են, թե ոչ: Երեկ սոցապնախարարը խոսեց 105,000 նպաստառուների փոխհատուցման մասին, բայց դրանից բացի, մենք ունենք 1000.000 աղքատ մարդիկ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ թիվը կազմում է 32 տոկոս, բայց իրականում դրանից շատ է: Հարց. մնացածներին ո՞վ է փոխհատուցելու: Վաղը սպասում ենք պարզաբանում ստանալ այս պատմության, այս «էպոպեայի» բոլոր կողմերից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի



