Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Վերազարթոնքի Մյուռոնն արժևորելով, արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին. Վեհափառի պատգամը

SOCIETY

Սրբալույս Մյուռոնի օրհնության ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդն իր պատգամը հղեց համայն հայությանը: Նա նշեց, որ օրը տոնական է և նոր ուրախությամբ լի: Վեհափառը կոչ արեց արժևորել Մյուռոնը որպես սրբացյալ կյանքի, վերազարթոնքի, ինչպես նաև ազգային միասնականության նշան:  Ամենայն Հայրապետը շեշտեց, որ Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք դարձավ նաև 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան` պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենիք:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Ողորմած Աստծո նախախնամությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուռոնի օրհնությամբ հոգևոր մի նոր ուրախություն է հեղվում մեր կյանքին: Տոնական մեծ օր է: Վարագա Սուրբ Խաչի տոնն է` նվիրական հիշատակը Հայաստան բերված տերունական Խաչափայտի մասունքի հրաշքով հայտնվելու: Այս մեծասքանչ օրը հոգևոր անհուն ուրախության զգացումներով համայն հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք սրբալույս Մյուռոնի օրհնությունը:

Մեր աղոթքը բարձրացրեցինք առ Երկնավոր մեր Հայրը, որ Իր Սուրբ Հոգու շնորհով նյութեղեն այս յուղը վերափոխվի սրբության ու շնորհաբաշխ զորության: Մեր հայրերի օրհնության աղոթքով խնդրեցինք, որ «լինի յուղ ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների... կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»: Խնդրեցինք, որ նրա սրբարար օծումով շարունակվի աստվածային պարգևների հեղումը հավատացյալների հոգիներին, հայոց մեր աշխարհին, համայն մեր ժողովրդի կյանքին:

Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով` իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում` հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան` ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության:

Աստծո ողորմությամբ այսօր աշխարհի բոլոր կողմերից ազգիս զավակները ուխտավորաբար համախմբվել են Սուրբ Էջմիածնում` աղոթակից լինելու սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Մեր ժողովրդի հազարավոր զավակների ներկայությունը այստեղ վկայում է մեր կյանքում կարևորությունն ու արժեքը սուրբ Մյուռոնի, որ կնիքն է քրիստոնեական մեր ինքնության ու շաղախը` ազգային մեր միասնականության: Մյուռոնում տեսնում ենք նաև մեր ժողովրդի հանդեպ Աստծո հո•ածությունն ու խնամքը, Ով Իր փրկության շնորհը տարածեց Արարատի շուրջ սփռված հայոց մեր երկրի ու ա զգի վրա:

Մյուռոնի մեջ տեսնում ենք Սուրբ լեռն Արարատ, որի վրա հանգրվանեց Նոյ նահապետի փրկության տապանը, և աղավնու բերած ձիթենու շյուղը դարձավ խորհրդանիշը Աստծո խաղաղության, իսկ ձիթենու յուղը` օրհնյալ նյութը սուրբ Մյուռոնի: Մյուռոնի ամեն կաթիլում տեսնում ենք սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված մեր Տիրոջ օծության յուղը: Տեսնում ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ Արածանիի` Արևելյան Եփրատի ջրերում, երկնքում ծագած տերունական խաչի լուսեղեն նշանի ներքո մկրտությունը հայոց Տրդատ արքայի, արքունիքի ու ժողովրդի: Մյուռոնու մ պատկերն է տերունաշնորհ Սուրբ Էջմիածնի,  պատկերները` մյուռոնաօծ մեր վանքերի ու եկեղեցիների, խաչքարերի ու մագաղաթների, պատկերները` իրենց կյանքով Մյուռոնի լույսը տարածած մեր սրբերի: Մյուռոնը միախառնում է մեր անցյալն ու ներկան, այո, հավատում ենք, և գալիք բոլոր դարերը, քանզի բոլոր փորձությունների հանդիման մեր ժողովուրդը  անխախտ պահեց Մյուռոնի դրոշմը` աներկբա վստահությամբ, որ  այն «յուղ է ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների... կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսար կուի»:

Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ  հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան` պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին: Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը, հաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում: Մեր նորօրհնյալ կյանքի հուսալերությամբ նորաեփ այս Մյուռոնը` օրհնված Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում, նաև` մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ` հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին:

Սիրելիներ, արժևորենք մեր Մյուռոնը որպես Մյուռոն սրբացյալ կյանքի, Մյուռոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ, մեր  արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին: Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, փարատել հոգսերն ու նեղությունները: Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով` հատկապես Մերձավոր Արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զավակներ ը, երբ խաթարված է անդորրը մեր հայրենիքի սահմաններում, և տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի և ոգեշնչող ուժը` ազգային զարթոնքի:

Սուրբ Էջմիածնից բաշխվող սրբալույս Մյուռոնը թող տարածի սրբությունը և հոգևոր առաքինությունների անուշաբույրը աշխարհում և հանուր մեր ժողովրդի կյանքում, ազգային-եկեղեցական մեր օրհնյալ անդաստաններում, հայ ընտանիքներում, մեր հայրենիքի սահմաններում, հայրենյաց պաշտպան մեր զինվորների, մեր Եկեղեցու բոլոր զավակների սրտերում` դառնալով հաղթանակների և բարի գործոց նոր ձեռքբերումների զորություն:

Երանաշնորհ մեր Հայրապետներից Սիմեոն Երևանցին Էջմիածնից սփռվող Մյուռոնի մասին ասում է. «Ինչպես արեգակի ճառագայթն է ծանուցում արեգակի գեղեցկությունն ու օգտակարությունը, ինչի շնորհիվ կառավարվում է երկիրը և դալար մնում, ճիշտ այդպես էլ սուրբ Մյուռոնն է միշտ քարոզում Սուրբ Էջմիածնի օգտակարությունն ու գեղեցկությունը: Ահա խորհրդավոր արեգակ Սուրբ Էջմիածինը, որ լուսավորում է ձեր հոգիներն ու մարմինները»:

Թող Սուրբ Էջմիածնի Մյուռոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակաց հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտը առ Աստված, ուխտը` առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ու նվիրական հայրենիքը: Թող աղավնու բերած ձիթենու շյուղով Արարատի փեշերից ազդարարված Աստծո խաղաղությունը ամրացնի արդարության, մարդասիրության ոգին աշխարհում, զորացնի համերաշխությունը և համագործակցությունը մարդկանց և ազգերի:

Այս օրհնաբեր և հոգենորոգ օրը Մենք գոհություն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Մեզ վերստին շնորհը պարգևեց կատարելու Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը` մասնակցությամբ և աղոթակցությամբ  Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, Մեր հոգևոր եղբորը` Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ և Շահան Արքեպիսկոպոսների, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ  Գերաշնորհ Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի, քույր Եկեղեցիների Գերապատիվ Հովվապետերի և բարձրապատիվ ներկայացուցիչների, ուխտապահ մեր հոգևոր դասի, հայոց պետական ավագանու, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների և հայրենաբնակ ու Սփյուռքից ժամանած մեր ժողովրդի բազում բարեպաշտ զավակների:

Հոգու բերկրությամբ եղբայրական Մեր ողջույնն ենք հղում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին` աղոթքով ու մաղթանքով, որ Տերը միշտ անսասան ու պայծառ պահի Իր Սուրբ Եկեղեցին Ավետարանի կենարար պատգամներով մարդկության կյանքը լուսավորելու և փրկության առաջնորդելու առաքելության մեջ:

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի աշխարհին և Հայաստան ու Արցախ  հայրենի մեր երկրին: Եվ թող Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով առատապես օրհնվի մեր ժողովրդի և համայն մարդկության կյանքը:

Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան, ամէն»,-ասված է Վեհափառի խոսքում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future