Ինչպես վատնել քաղաքական «Ժառանգությունը». «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Զարուհի Փոստանջյանն իր ֆեսյբուքյան էջում կատարած գրառմամբ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հետ իր կապերը խզելու մասին։ Այս զարգացումն արդեն իսկ գծագրվում էր մինչ փետրվարի 13–ը, երբ ստորագրվեց Օսկանյան–Րաֆֆի–Օհանյան դաշինքի հուշագիրը։ Մինչ այդ էլ Փոստանջյանը բազմիցս հայտարարել էր դաշինքով ընտրություններին մասնակցելուն դեմ լինելու մասին և առավել ևս արդեն ձևավորված դաշինքով։ «Ժառանգությունից» Փոստանջյանի հեռանալով կարող ենք փաստել, որ այս կուսակցությունը այլևս դադարեց քաղաքական սուբյեկտ լինելուց։ Մինչդեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունից հեռացել էր Ստյոպա Սաֆարյանը, նրանից առաջ Լարիսա Ալավերդյանը։ Հունվարին կուսակցությունից դուրս եկավ Անահիտ Բախշյանը։ Այս բոլոր գործիչները կանգնած էին Ժառանգության ակունքներում, հսկայական աշխատանք էին տարել Ժառանգության իմիջի և վարկանիշի ձևավորման համար։
Միևնույն ժամանակ Փոստանջյանի և մյուսների հեռանալը կուսակցությունից խորհրդանշում է այն իրողությունը, թե ինչպես է կուսակցությունը անհեռատես ու քմահաճ գործիչների գործունեության արդյունքում վատնում ու փոշիացնում իր քաղաքական «Ժառանգությունը»։ Թերևս պետք է փաստել, որ արդեն իսկ, անգամ անկախ ապրիլի 2–ի արդյունքներից, «Ժառանգությունը» այլևս գոյություն չունի ոչ որպես ընդդիմադիր կուսակցություն, ոչ էլ ընդհանրապես որպես քաղաքական սուբյեկտ։ Այստեղ իհարկե իր դերակատարությունն ունցավ զուտ Րաֆֆի Հովհաննիսյանի անձը, քանի որ վերջինիս էքսցենտրիկ վարքագծի արդյունքում 2013–ի նախագահական ընտրություններից հետո «Ժառանգությունը» այդպես էլ չկարողացավ քաղաքական կուսակցության դեր խաղալ և դուրս գալ սկսված ներքին ճգնաժամից։
Մինչ 2016–ն ու 2016–ի ընթացքում էլ «Ժառանգության» տարբեր անդամներ առավելագույնը ակտիվություն ցուցաբերեցին քաղաքացիական ու հասարակական գործունեության ճակատում։ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Ժառանգությունը» փորձեց հանդես գալ որպես կազմակերպող ուժ, սակայն ՊՊԾ գնդում ծավալված իրադարձությունների առանձնահատուկ բնույթից ելնելով, «Ժառանգությունն» այստեղ նույնպես ձախողեց որպես քաղաքական գործոն։ Ավելին, հուլիսյան այս իրադարձությունների բովից կուսակցությունն այդպես էլ չկարողացավ քաղաքական ուղի վերադառնալ և արդյունքում գուցե հապճեպ, գուցե կուսակցության որոշ գործիչների քմահաճ որոշման արդյունքում հայտնվեց Օհանյան–Օսկանյան տարասեռ ու տարօրինակ դաշինքում։
Նման զարգացման արդյունքում արդեն իսկ էական չէ, թե արդյոք ժառնագության անդամներից կլինեն առաջիկա խորհրդարանում թե ոչ, քանի որ որպես կուսակցություն և առավել ևս որպես ընդդիմադիր ավանդույթներ ունեցող կուսակցություն, «Ժառանգությունն» այլևս երբեք չի կարող ոչ հանդես գալ, ոչ էլ ընկալվել հասարակության կողմից։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



