Անահիտ Բախշյան. «Ելնելով իմ գործունեության հետագծից՝ ես ունեմ բավական մեծ ընտրազանգված». «Փաստ»
INTERVIEW
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարկանիշային ցուցակում չորրորդ տեղը զբաղեցրած Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ մեծ ցանկություն ունի շարունակել իր ծրագրերը, իր կիսատ թողած բոլոր գործերը, որ ունեցել է թե՛ խորհրդարանում և թե՛ Երևանի ավագանու կազմում: Անահիտ Բախշյանը իր առջև դրել է կրթության, սոցիալական ոլորտին առնչվող հարցերը բարձրաձայնելու խնդիրը:
– Ըստ Ձեզ ավելի դժվար է պատգամավորի՞, թե՞ ավագանու անդամի աշխատանքը:
– Պատգամավորի լիազորությունները շատ ավելի ընդարձակ են, ազդեցիկ, նամանավանդ՝ նոր կանոնակարգով: Կարող ես ամբողջ հանրապետության մասշտաբով խնդիրներ բարձրաձայնել և հետամուտ լինել դրանց լուծմանը: Այդտեղ լծակներն ավելի շատ են, օրենսդրական գործունեությունն է խրախուսվում: Օրենքի գերակայության, իրավական պետության տեսլականը ինձ համար ավելի հրապուրիչ է, բայց դա չի նշանակում, որ ավագանու անդամը ավելի քիչ գործառույթներ ունի: Ավագանու գործունեությունը գործադիր մարմնի գործունեությանն է նման: Դու այնտեղ քաղաքի մասշտաբներով կարող ես շատ կոնկրետ հարցեր լուծել, ինչը ես արել եմ տարիներ շարունակ:
– Տիկին Բախշյան, ովքե՞ր են Ձեր ընտրողները:
– Ես իհարկե ունեմ իմ ընտրազանգվածը, որին ես ապացուցել եմ, որ ծառայում եմ իր, բնակչի, քաղաքացու, անհատի, խմբի, մանկավարժների շահերին և օրենքի շրջանակներում իրենց սատար եմ եղել, շատ դեպքերում կարողացել եմ օրենքի շրջանակներում լուծել տարբեր մարդկանց խնդիրներ: Կարծում եմ, որ այդ մարդիկ կշարունակեն ինձ հավատալ, որովհետև ես գործով եմ ապացուցել: Ես հիմա չեմ ասում՝ այս կանեմ, այն կանեմ: Ելնելով իմ գործունեության հետագծից՝ ես ունեմ բավական մեծ ընտրազանգված:
– Նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչի՞ վրա եք դնելու առաջնահերթությունը:
– Ես ընդամենը ներկայանալու եմ, լսեմ մարդկանց, ներկայացնեմ այն ամենը, ինչ արդեն արել եմ: Եթե մեր ընտրազանգվածը առաջնորդվի այն չափորոշիչով, թե որ պատգամավորին ինչի համար պիտի ընտրել, ամեն մեկն իր մեջ ունենա այն համոզմունքը՝ ինչու պիտի ընտրի այս մեկին և ոչ այն մեկին, ապա դրա լավագույն չափորոշիչը մարդու արած գործերն են:
– Կարգախոս ունե՞ք:
– Կարգախոսս ինչպես եղել է նախորդ խորհրդարանական տարիներին և ավագանու անդամ եղած ժամանակ՝ նույնն է. հաշվետու եմ:
– Ընտրողների հետ հանդիպումներն ի՞նչ ձևաչափով են ընթանալու:
– Ընտրողների հետ հանդիպումների հստակ ժամանակացույց դեռևս չկա, բայց շրջելու եմ քաղաքներով ու գյուղերով: Մալաթիա–Սեբաստիայում նույնպես վարկանիշային թեկնածու եմ: Ես աշխատելու եմ հասանելի լինել յուրաքանչյուր ընտրողի բարձրացրած հարցը լսելի դարձնելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ են հնարավորինս շատ հանդիպումներ: Որքան հնարավորություն տա քարոզարշավի ընթացքը, ես ամեն օր, ամեն ժամ օգտագործելու եմ այդ հանդիպումները նպատակային իրականացնելու համար:
– Լուրեր կան, որ արդեն իսկ ընտրակաշառքներ են բաժանվում, այն էլ՝ խոշոր գումարների տեսքով: Այդ ընտրակաշառքի դեմ կամ դրա փոխարեն Ձեր «զենքը» ո՞րը կլինի:
– Ոչ ընտրակաշառքին: Ձայնը վաճառելով՝ ոչինչ չեք ստանա: Ես «ոչ» եմ ասելու ընտրակաշառքին և դրա փոխարեն առաջարկելու եմ իմ ծրագրերը, իմ արած գործերն եմ մարդկանց ներկայացնելու, քանի որ ես եկել եմ իրենց ծառայելու: Իրենք հավատալու են ինձ, որովհետև չափորոշիչը դա պետք է լինի: Մարդու ոչ թե խոսք, այլ՝ գործ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




















































