Մինչեւ վերջ էս սահմանը պահիլտիմ. հարցազրույց սահմանամերձ գյուղի վերջին տան բնակչի հետ
VIDEOՏավուշի մարզի սահմանամերձ Կայանավան գյուղի վերջին տանը բնակվում է Գենյա տատը՝ դստեր հետ։ 78-ամյա Գենյա տատի տնից այն կողմ հայ-ադրբեջանական սահմանն է: Գյուղը գտնվում է հակառակորդի նշանառության տակ: Ամենօրյա կրակոցները տիկին Գենյայի համար սովորական են, սակայն սեպտեմբերի 24–ի երեկոյան կրակոցներն աննախադեպ էին։
«Գիշերը տվեցին, սաղ ջարդեցին, բայց ես ու աղջիկս հարեւանների հետ ոչ մի տեղ էլ չգնացինք»,- NEWS.am-ի թղթակցին պատմում է տիկին Գենյան։
78-ամյա կնոջ մտքով երբեք չի անցել թողնել տունը։ Դժվարությունները, չի թաքցնում, շատ են, բայց տիկին Գենյան իրեն սահմանապահ է զգում։
«Ի՞նչ ասեմ, բալա ջան, սահման եմ պահում, հանուն հայրենիքի սահմանը պահում ենք, փախչում չենք»,- ասում է տիկին Գենյան։
78-ամյա կինը չի զլանում. հող է մշակում, խաղողագործությամբ զբաղվում, ափսոսում է միայն, որ կրակոցների պատճառով չի կարողանում հավաքել խաղողի բերքը։
«Դաշտում 2 տոննա խաղող եմ մշակել, ծեր կին եմ, թուրքերին ա մնացել, խաղողս չեմ կարում հավաքեմ, որ կարողանամ ապրեմ: Ի՞նչ անեմ, սաղ էս տարածքի մարդիկ շվարել են, բերաններիցս կտրել, դեղ ու բուժանյութ ենք առել, խաղող մշակել, որ էսօր քաղենք, վաճառենք, կարողանանք ապրել, էդ էլ չենք կարողանում։ Աչքիս առաջ 2 տոննա խաղողս փչանում ա»,- ասում է տիկին Գենյան:
Եթե անգամ այս տարի խաղողը չհավաքի, տիկին Գենյան մնալու է գյուղում. «Ոչ մի տեղ էլ չեմ գնա, մինչեւ վերջ էս սահմանը պահիլտիմ»։
Աղբյուրը ՝ NEWS.am



