Սիրիայի ճակատագիրը վճռվում է Ժնևում, այլ ոչ Աստանայում. Թուրքիայի արտգործնախարար
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի հարցով Ժնևի բանակցությունները միակ հարթակն են, որտեղ հարկավոր է քննարկել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«Աստանան երբեք չի եղել Ժնևի այլընտրանք»,- ընդգծել է նա կիրակի օրը՝ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:
Չավուշօղլուի խոսքերով՝ Ղազախստանի մայրաքաղաքում բանակցությունները լավ հարթակ են սիրիական հակամարտության կողմերի միջև վստահության հաստատման և հրադադարի ռեժիմի աջակցության համար:
«Բայց այժմ մենք պետք է վերադառնանք ժնևյան բանակցություններին, որոնք հիմնական վայրն են քաղաքական որոշում փնտրելու և իշխանությունը փոխանցելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Այս տարվա հունվարից Աստանայում ընթացող բանակցությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ ռազմավարության մաս են կազմում, որի օգնութամբ նրանք հույս ունեն վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին: Ժնևում հերթական բանակցությունները նախանշված են փետրվարի 23-ին:



