Իշխան Զաքարյանը և Արթուր Աղաբեկյանն այլևս ԵԿՄ վարչության անդամ չեն
POLITICSԵրկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի ընթացքում ընտրվեց ԵԿՄ վարչության նոր կազմ: Ներկայիս վարչության կազմում 121 հոգի է, նոր ընտրությամբ վարչության կազմն ընդլայնվեց:
Վարչության կազմում հիմնականում ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներն են, ԵԿՄ գործընկեր նախարարություններից՝ պաշտպանության, առողջապահության, արդարադատության ներկայացուցիչներ: ԵԿՄ վարչության նոր կազմում կան նաև պատգամավորներ՝ Կադաստրի պետ Արման Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, նրա եղբայր Արման Գրիգորյանը և այլք: ԵԿՄ նորընտիր կազմում է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
ԵԿՄ Վարչության կազմում այլևս ներառված չեն Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարված Իշխան Զաքարյանը և նաև կրկին հրաժարական ներկայացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Վարչության նոր կազմն ընտրվեց միաձայն, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Հայտարարվեց վարչության առաջին նիստը, և այժմ ընթանալու է վարչության նախագահի և տեղակալի ընտրությունը:
Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը և Արթուր Աղաբեկյանը մինչև վարչության կազմն ընտրելը վարչության անդամ էին, ունեին մանդատ և կարող էին մասնակցել քվեարկությանը հավասար ձայնի իրավունքով, սակայն երկուսն էլ համագումարին չէին եկել:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ համագումարի ընթացքում հայտարարվելու էր, որ ԵԿՄ-ից հեռացվելու են Սեյրան Օհանյանը և Իշխան Զաքարյանը, սակայն նրանք շարունակում են մնալ ԵԿՄ անդամներ․օրակարգում նման խնդիր դրված չէ: Ըստ ԵԿՄ կանոնադրության՝ եթե անձը հայրենիքի դավաճան չէ, ապա չի կարող հեռացվել ԵԿՄ-ից:
Հիշեցնենք, որ ԵԿՄ 11-րդ համագումարին մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մի շարք մարզպետներ, քաղաքապետներ, Հանրապետական խմբակցության պատգամավորներ և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:



