Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կանցկացվի աչքի ակնահատակի անվճար հետազոտություն
SOCIETYՍ.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում փետրվարի 15-ից մինչև մարտի 15 ընկած ժամանակահատվածում աչքի ակնահատակի համակարգչային անվճար հետազոտություն կիրականացվի iCam 100 ակնահատակի տեսախցիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` iCam 100 ակնահատակի տեսախցիկը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում առանց բբի լայնացման անհրաժեշտության ստանալ ակնահատակի պատկեր:
Սարքի առավելությունն այն է, որ նեղ բբի պայմաններում ստացվում է ամբողջ ակնահատակի պատկերը։ Պատասխանը լուսանկարի տեսքով տրվում է հիվանդին՝ ապահովելով նրա դինամիկ հսկողությունը, ինչպես նաև տարբեր բժիշկների խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:
iCam 100 ակնահատակի տեսախցիկով հետազոտությունը ցուցված է ակնահատակի անոթային և ոչ անոթային ախտահարումների հայտնաբերման համար, տեսողական նյարդի տարբեր ախտահարումների ժամանակ (գլաուկոմա, ներգանգային ճնշման բարձրացում, անոթային և ոչ անոթային փոփոխություններ), շաքարային դիաբետի ակնային դրսևորումների, բնածին նևուսների, տոքսոպլազմոզի ինչպես հայտնաբերման, այնպես էլ դինամիկ հսկողության համար:



