Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում Ծառուկյանի և Օհանյան-Օսկանյան- Հովհաննիսյան դաշինքների ընդդիմադիր կեցվածքը
POLITICSԱզգայինժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի և Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքի հետ համագործակցելու հնարավորությանը: Փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ այդ երկու ուժերը խնդիր ունեն ապացուցելու, որ իրենք գործում են ընդդիմադիր դաշտում: &laqu o;Կարծում եմ, որ երկու դաշինքներն էլ խնդիր ունեն ապացուցելու, թե իրենք ի՞նչ են իրենցից ներկայացնում, քաղաքական դաշտում ի՞նչ ուղղվածություն ունեն և ի՞նչ է իրենց ուզածը: Մենք դա արդեն ապացուցել ենք, ու մնում է տեսնենք, թե իրենք ինչ կկարողանան ապացուցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` երբ խոսվում է համագործակցության մասին, պետք է հստակ ձևակերպվի ի՞նչ նկատի ունենք համագործակցություն ասելով: «Ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ նրանք ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն: Կարծում եմ, որ նրանք պետք է ապացուցեն, որ ընդդիմադիր են»,- նշեց պատգամավորը:
Նա հավելեց, որ 2015 թ. Գագիկ Ծառուկյանն ամենապատասխանատու պահին լքեց քաղաքական դաշտը, ուստի նրա հետ համագործակցելու համար պետք են երաշխիքներ, որ նման իրավիճակներում նույնը չի կրկնվի: Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ նման երաշխիքներ որևէ մեկը դժվար թե կարողանա տալ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի «Ելք» դաշինքով, որի կազմում են նաև «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: Ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:



