Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել
SOCIETYՓետրվարի 12-ին Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել:
Tert.am-ի հետ զրույցում Անժելա Դավթյանի ամուսինը՝ Արկադի Դավթյանն ասաց, որ իր կնոջը հիվանդանոց է տեղափոխել փետրվարի 9-ին, որպեսզի լինի բժիշկների հսկողության տակ, իսկ 12-ին` որդուն լույս աշխարհ բերելուց հետո, կինը մահացել է:
«Բժիշկներն ասում էին, որ ծննդաբերության ժամանակը մի քանի օր անցել է, սակայն նա խնդիրներ չուներ: Ամսի տասին բժիշկներն ինձ ասացին, որ ամեն ինչ նորմալ է և սպասում են, որ երկունքի ցավերը սկսվեն»,-ասաց Արկադի Դավթյանը:
Թեղուտ գյուղի բնակիչ Արկադի Դավթյանն ասաց, որ որդին ծնվել է բնական ճանապարհով, վերջինս գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Նշված բժշկական կենտրոնից Tert.am-ին հրաժարվեցին տվյալներ հայտնել երեխայի առողջական վիճակի մասին:
Tert.am-ի հետ զրույցում Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն ասաց, որ ծննդկանի արգանդը պատռվածք է ունեցել, որը տեղի է ունեցել կամ մինչև ծննդաբերելը, կամ ծննդաբերուց հետո. «Տեղի է ունեցել արգանդի պատռվածք և տրոմբոէմբոլիա հարցականով, որովհետև ծնունդ ընդունող մանկաբարձ-գինեկոլոգը ծննդաբերությունից հետո ձեռքով մտել է խոռոչը, շոշափելով հայտնաբերել է արգանդի պատռվածքը, իսկ նման դեպքերում չի բացառվում, որ լինի տրոմբոէմբոլիա հարցականով, որի վերջնական պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը, որն ընթացքում է»:



