Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ընտրվել է երկրի 12-րդ նախագահ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նա ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ աջակցությունը Գերմանիայի Դաշնային ժողովի պատվիրակների կողմից: Այս մարմինը գումարվում է հատուկ երկրի ղեկավարին ընտրելու համար:
Դաշնային ժողովը, որը կազմված է 1260 պատվիրակներից, նիստն անցկացնում է Բեռլինի ռեյխստագի պատմական շենքում: Պատվիրակների մի մասը Բունդեսթագի պատգամավորներն են, մյուս մասը դաշնային վարչական շրջանների ներկայացուցիչները:
«Թեկնածու Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ստացել է անհրաժեշտ ձայների քանակն ու ընտրվել Գերմանիայի նախագահի պաշտոնում», - հաստատել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը: Շտայնմայերն ստացել է 931 ձայն:
Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտին: Գործող նախագահ Յոահիմ Գաուկի պաշտոնավարման ժամկետը լրանում է մարտի 18-ին:
Գերմանիայի նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ է կատարում, երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերով զբաղվում է կառավարությունը` կանցլերի գլխավորությամբ:



