Էրդողանը ստորագրել է սահմանադրական փոփոխությունների առաջարկը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է մեջլիսի կողմից ուղարկված սահմանադրական փոփոխությունների առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախագահի ստորագրումից հետո առաջարկը կդրվի համաժողովրդական հանրաքվեի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը փետրվարի 9-ին հայտնել էր, որ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել ապրիլի 16-ին:
Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:
Հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահի նկատմամբ թույլատրվելու է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների բացարձակ մեծամասնության առաջարկով: Երկրի փոխնախագահներին և նախարարներին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է նախագահը: Նախագահական հրամանագրերով է որոշվելու նախարարությունների ստեղծումը:
Մեջլիսի անդամների 3/5-ի ձայներով կարող է որոշում ընդունվել նոր ընտրությունների անցկացման մասին: Այդ պարագայում մեջլիսի և նախագահական ընտրությունները կրկին պետք է միասին անցկացվեն: Եթե մեջլիսը նոր ընտրությունների մասին որոշում է կայացնում նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում, ապա նախագահին թույլատրվելու է նորից իր թեկնածությունն առաջադրել:
Թուրքիայի մեջլիսի և նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի անդամների թիվը 17-ից իջեցվելու է 15-ի:



