Թուրքիայի քրդամետ կուսակցության կին պատգամավորին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Հուդա Քայային սպառնում է 25 տարվա ազատազրկում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
HDP-ի Ստամբուլից ընտրված կին պատգամավոր Հուդա Քայան ձերբակալվել էր 2017-ի հունվարի 28-ին և ազատ արձակվել երկրից չբացակայելու պայմանով:
Ստամբուլի Գլխավոր դատախազության կազմած մեղադրական եզրակացությամբ Հուդա Քայան մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, ահաբեկչություն քարոզելու, հանցագործության դրդելու, ապօրինի հավաքներ և ցույցեր հրահրելու մեղադրանքներով:
Դատախազությունը դատարանից պահանջել է պատգամավորին դատապարտել 11-25 տարվա ազատազրկման:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



