Երևանում գողություն կատարած անձինք բերման են ենթարկվել
SOCIETYՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թվականին ծնված Հովհաննես Կ.-ին և հրավիրել տուժող Սոֆյա Ղ.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում Հովհաննես Կ.-ն Սոֆյա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են գումար և վճարման անդորրագիր: Գողոնն առգրավված է:
Ավելի վաղ, 1958 թվականին ծնված Սեդա Մ.-ից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 համարի երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վար չության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Վերոհիշյալ երկու դեպքերի առթիվ կատարվում է հետաքննություն:



