Վարչապետը նախարարներից դիրքորոշում է սպասում պետական որոշ ընկերությունների նպատակահարմարության վերաբերյալ
POLITICSՊետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա կառավարությանն է ներկայացրել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014, 2015 թվականների և 2016-ի առաջին կիսամյակի տվյալների վրա իրականացված ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներն ու վերլուծության արդյունքները: Գործադիրի նիստում այդ մասին նշեց վարչապետ Կարապետյան՝ ավելացնելով, որ արդյունքում առանձնացվել են նշված ժամանակահատվածում վնաս ձևավորած, ինչպես նաև գործունեություն չծավալած և շահույթ չձևավորած ընկերությունների ցանկերը:
«Միաժամանակ, կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական առևտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակահատվածում ձևավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը: Այս տեղեկանքը մենք բոլորին կուղարկենք, հանձնարարվում է հանրապետական գործադիր մարմիններին քսանօրյա ժամկետում իրենց դիրքորոշումը ներկայացնել ցանկում ընդգրկված ընկերությունների գործունեության և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:



