Փաշինյանը Լապշինի արտահանձնմամբ մտահոգ քաղաքացիներին կոչ արեց բողոքի ակցիա անցկացնել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ
SOCIETYԱզգային ժողովի ՀՍԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու քայլը համարժեք է համարում Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուն: Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորը ձայնի իրավունք խնդրեց՝ դատապարտելով Լապշինին արտահանձնելու քայլը: «Ես այս խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում այսօր, ժամը 15:00-ին լինել Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ՝ մեր կոշտ դիրքորոշումն արտահայտելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին և դիվանագիտական և քաղաքական հակազդեցության ամենակոշտ միջոցները ձեռնարկի:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:



