ՀԱԿ-ը ստորագրահավաք կսկսի ընտրությունների օրը փոխելու հարցով
SOCIETYԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը մտադիր է ստորագրահավաք սկսել խորհրդարանական առաջիկա ընտրությունների օրվա հարցը Սահմանադրական դատարանում քննարկելու համար: Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մենք շատ արագ կպատրաստենք ստորագրահավաքի ձևաթուղթը, որպեսզի հավաքենք անհրա ժեշտ 27 ստորագրությունները՝ այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը: Նա պատգամավորներին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը:
Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Որոշ քաղաքական ուժեր և իրավաբաններ առաջարկում են փոխել ընտրությունների օրը: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հիմնավորելով, որ մի շարք իրավանորմերի համադրությունից հետևում է, որ ՀՀ Նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան: Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ընտրությունների օրը փոխելու հարցը, եթե դրան կողմ լինեն ընտրական գործընթացին մասնակից բոլոր քաղաքական ուժերն անխտիր:



