Ադրբեջանցի դիվերսանտը որեւէ գանգատ չի ներկայացրել. Արցախի ՄԻՊ
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 3-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:
Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան եւ ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որեւէ գանգատ չի ներկայացրել։
Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը:
Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:
Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել եւ ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն: Հարուցվել է քրգործ, Հուսեյնզադեն ձերբակալված է:



