ՀԵՄ-ը նախորդ տարի զոհված 111 զինծառայողների և կամավորների ընտանիքներին ֆինանսական օգնություն է տրամադրել
SOCIETYԱպրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով զոհված հերոսների ընտանիքներին ՀՅԴ Հայ երիտասարդական միության` «Մեր զինվորի հետ ենք» ծրագրի շրջանակներում հատկացվել է ֆինանսական աջակցություն:
ՀԵՄ-ի ներկայացուցիչներն այցելել են 2016 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում զոհված 108 զինծառայողների և կամավորների տներ` հատկացնելով 126,5 հազար դոլարի օգնություն, ևս հազարական ԱՄՆ դոլար օգնություն է ուղարկվել դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի հատվածում հակառակորդի դիվերսիան հետ մղած Շավարշ Մելիքյանի, Էրիկ Աբովյանի և Էդգար Նարայանի ընտանիքներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ Հայ երիտասարդական միությունը նախատեսում է նաև մեկանգամյա ֆինանսական օգնություն հատկացնել 2017թ. հունվարին զոհված 3 զինծառայողների:
«Մեր զինվորի հետ ենք» ծրագրի շրջանակներում, մեկանգամյա գումարային օգնություններին զուգահեռ, ՀԵՄ-ը, ՀՅԴ հայաստանյան կառույցի օգնությամբ, պարբերաբար իրականացնում է նաև տարբեր ծրագրեր, որոնցից վերջինն Արցախի Թալիշ և Տոնաշեն գյուղերի հատվածում դիրքապահ զինվորներին տաք հագուստ, գուլպաներ, սպիտակեղեն և մարտկոցներ տրամադրելն էր:



