Հունաստան փախած թուրք զինվորները կշարունակեն կալանավորված մնալ
INTERNATIONAL NEWSԹուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորները կշարունակեն կալանավորված մնալ, քանի դեռ ընթացքի մեջ է նրանց ապաստան տրամադրելու դիմումների ուսումնասիրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Աթենքի դատարանը վճռել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով զինվորների կալանքը կշարունակվի, քանի դեռ վերջնական որոշում չի կայացվել նրանց ապաստան տրամադրելու գործընթացի վերաբերյալ:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց վերահսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը:
Հունաստանի Գերագույն դատարանը 2017 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացրել մերժել զինվորներին վերադարձնելութուրքական կողմի պահանջը: Խնդրի առնչությամբ պաշտոնական Անկարան հայտնել է իր բողոքը` ասելով, որ այդ որոշումը կարողէ վնասել թուրք-հունական հարաբերություններին:



