Մահացած կուրսանտը կապիտանի որդի է, առողջ երեխա էր. գյուղապետ
SOCIETYԵրեկ մահացած զինծառայող պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանը Մյասնիկյան գյուղից էր։ Համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ Սարգիսը զինվորականի ընտանիքից է։
«Հայրը կապիտան է, հորեղբայրն էլ է զինվորական, հայրենասերների ընտանիք է, թաք տղա է, երկու քույր ունի, իրենց քրտինքով ապրող, սահման պահող ընտանիք է»,-մանրամասնեց գյուղապետը։
Տիգրան Բաղդասարյանի խոսքով ՝ համայնքում շոկի մեջ են, չեն կարողանում հասկանալ, թե շարահրապարակում ինչու է երեխայի ինքնազգացողությունը վատացել։
«Առողջ տղա, ծնողներն էլ չեն հասկանում` ինչ է եղել»,-ընդգծեց նա։ Նա նաև տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինը դեռ գյուղ չի տեղափոխվել։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:



