Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելիս բացվել էր ուրարտական շրջանի դամբարան
CULTURE
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում մաքրվում, վերականգնվում և ամրակայվում են վերջերս Գեղարքունիքի մարզում պատահաբար հայտնաբերված նյութական արժեքներ, որոնք վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ժամանակներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով այս պահին ուսումնասիրվող հնագիտական նյութն իսկապես բացառիկ է և թվագրվում է մ.թ.ա. VII դարով։ «Դամբարանը և նրանում զետեղված գույքակազմը շատ հետաքրքիր են, վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ռազմաքաղաքական պատմության վերջին փուլին՝ մ.թ.ա. VII դարին։ Սա վկայում է, որ այդ ժամանակ Սևանի ավազանը ևս ռազմավարական առոÖ �մով Վանի թագավորության (Ուրարտուի) համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածքներից մեկն է եղել: Դամբարանը համաժամանակյա է Հացառատի գերեզմանատան մոտակայքում գտնվող Բերդի գլուխ ամրոցի ուրարտական շերտին, այսինքն` այստեղ ուրարտացիները հաստատվել են տևական ժամանակ ու դեպքերի բերումով նաև բարձրաստիճան անձանց թաղումներ իրականացրել»,-ասել է Աշոտ Փիլիպոսյանը։
ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ Տիգրան Զաքյանի խոսքով` կան կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի այնպիսի կտորներ, ինչպիսիք դեռ չեն հանդիպել։ «Մենք փորձելու ենք շատ արագ վերականգնել` երկու երեք ամսվա ընթաքում։ Կան նաև ամբողջական առարկաներ, որոնք ուղղակի պատված են հողի և կրային նստվածքների շերտերով և հրատապ մաքրման կարիք ունեն։ Ինչ վերաբերում է երկաթե զենքի բեկորներին, ապա, ցավոք, դրանք շատ վատ վիճակում են, ժանգի պատճառով այս պահին իրենց բնական չափերից մեծ են երևում, հարկավոր է դրանք մանրակրկիտ մաքրել և հնարավորինս բ երել նախնական տեսքին»,- ասել է նա:
Գավառի երկրագիտական թանգարանիցտեղեկացրել են, որ շինարարական աշխատանքների ժամանակ գյուղացիները պատահաբար հնագիտական նյութ են հայտնաբերել, սակայն միջոցների սղության պատճառով չեն կարողանում ձեռք բերել կարևոր գտածոները։
Տարածքն ուսումնասիրելուց հետո` Գավառի Հացառատ թաղամասում, գերեզմանոցի տարածքում, նոր գերեզման փորելիս, բացվել էր ուրարտական շրջանի դամբարան։ Բանակցությունների արդյունքում հնագիտական նյութը հայտնաբերած բնակիչն այն ամբողջությամբ տրամադրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին»:




















































