Մեծ դպրոց է, ինչքա՞ն պլիտա միացնենք, որ տաքանա. Սայաթ-Նովայում աշակերտները վերարկուներով են նստել դասերին
SOCIETYԱրարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դպրոցի աշակերտներն արդեն երկրորդ օրը դասերն անցկացնում են ցուրտ դասասենյակներում: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 10-ին, Սայաթ-Նովայի գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանը նշեց, որ չնայած ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ այսօրվանից դասերը սկսվել են ժամը 10-ից՝ 30 րոպե տեւողությամբ դասաժամերով, սակայն, աշակերտներն ու ուսուցիչները ստիպված են եղել վերարկուներով նստել ցուրտ դասասենյակներում:
«Դասերը նորմալ անցել են, բայց երեխաները վերարկուներով են նստել, որովհետեւ շատ ցուրտ է: Իմ թոռնիկն էլ է գնում դպրոց, նորմալ արել են բոլոր դասերը, բայց ցուրտ է եղել»,-ասաց նա:
Ռազմիկ Ալավերդյանը նշեց, որ դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկներով եւ այդ պատճառով էլ դասասենյակները չեն տաքանում. «Մեծ դպրոց է, ինչքան պլիտա պետք է միացնենք, որ տաքանա դպրոցը: 72թ. է կառուցվել շենքը, մեր ուժերով մի քանի տարի առաջ կռիշն ենք փոխել ու վերջ: Դիմել ենք մարզպետարան, ասել են՝ պատուհաններն են փոխելու»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը որոշում էր կայացրել, որ ցրտերի պատճառով հանրապետության որոշ բնակավայրերում դասերը կսկսեն ժամը 10.00-ից` 30 րոպե տեւողությամբ դասաժամերով:



