Դա ամանորյա իմ ամենամեծ նվերն էր. Մաշա Մնջոյան
LIFELife.panorama.am-ը գրում է
2016-ի ընթացքում երգչուհի Մաշա Մնջոյանը հաճախ բացակայեց երկրից: Ակտիվ աշխատանքային տարին ավարտելով` երգչուհին Ամանորը անցկացրել է ընտանիքի հետ միասին.
«Քանի որ 2016-ի մեծ մասն անցկացրել եմ Հայաստանից դուրս, ընտանիքիցս հեռու, ուստի որոշեցի, որ այս տարի պարտադիր Ամանորը նշելու եմ ընտանիքիս հետ միասին, ինչի համար անսահաման ուրախ եմ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մաշան ու պատմեց, որ այս տարի խախտվել է իրենց ընտանիքի ամանորյա ավանդույթներից մեկը.
«Իհարկե, շատ ավանդույթներ ունենք Ամանորը նշելու հետ կապված, որոնց հետեւեցինք նաեւ այս տարի: Մեր ընտանեկան ամանորյա ավանդույթներից միայն մեկն այս տարի խախտեցինք` Նոր տարին դիմավորեցինք ոչ թե Գյումրիում, այլ Երեւանում»:
Ամանորի ամենամեծ նվերը Մաշայի համար եղել է եղբոր արձակուրդը.
«Եղբայրս ծառայում է Հայոց բանակում, սակայն Ամանորի նախորեին շատ անակնկալ կերպով նա արձակուրդ եկավ. Դա իմ ամենամեծ ամանորյա նվերն էր: Մեծ ցանկություն ունեմ, որ եղբայրս անփորձանք ծառայություն ունենա ու շուտ վերադառնա տուն: Մեր բոլոր զինվորներին ցանկանում եմ խաղաղ ծառայություն ու անամպ երկինք»,- պատմեց Մաշա Մնջոյանն ու նվերների թեման շարունակելով` նշեց.
«Տոներին բազմաթիվ նվերներ եմ ստացել ու նվիրել: Պետք է ասեմ, որ երկար չեմ մտածել նվերներ ընտրելիս, քանի որ նվերներ պատրաստում եմ հարազատներիս ու այն մարդկանց համար, որոնց շատ լավ եմ ճանաչում ու գիտեմ, թե ինչ նվիրել ու ինչպես ուրախացնել»:
Խոսելով 2017-ի ծրագրերի մասին` երգչուհին նշեց.
«Իհարկե, շատ ծարգրեր ունեմ այս տարվա համար, որոնց մասին դեռեւս չեմ բարձրաձայնի: Ինքս իմ ակտիվ աշխատանքի շնորհիվ փորձում եմ հասնել բոլոր ծրագրերիս: Այս տարվա պլաններիս մի մասը կապված է նաեւ ուսմանս հետ, քանի որ ավարտում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ուզում եմ շարունակել ուսումս, միայն թե այդ առումով եւս դեռ հստակեցված ոչինչ չկա: Տարին, կարծում եմ, աշխատանքով առատ կլինի»:



