Հալեպի օդանավակայանում ֆրանսիացի պատգամավորներից 200 մետր հեռավորությամբ արկ է պայթել
INTERNATIONAL NEWSՀալեպի օդանավակայանում ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունից 200 մետր հեռավորությամբ արկ է պայթել: Այս մասին «Twitter»-ում գրել է պատվիրակներից մեկը՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան Լասալը: RTL-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին: Հիշեցնենք, որ մինչ այդ՝ հունվարի 6-ին, պատգամավորները եղել են Հալեպի Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում, մասնակցել սուրբծննդյան պատարագին, նաեւ հանդիպել Հալեպի քաղաքապետի հետ:
Եվս երկու արկ պայթել է օդանավակայանից ոչ հեռու: Սիրիական բանակը պատասխան հարվածներ է հասցրել: Հալեպի օդանավակայանը պաշտոնապես փակ է, եւ ֆրանսիական պատվիրակության ժամանումը պետք է գաղտնի մնար: Ֆրանսիական եւ սիրիական իշխանությունները փորձում են պարզել, միջադեպը պատահականությո՞ւն էր, թե՞ ուղղված էր ֆրանսիացի պատգամավորների դեմ:
Մյուս երկու պատգամավորները՝ Նիկոլա Դյուիկն ու Թիերի Մարիանին «Twitter»-ում օդանավակայանի, ավերված տների եւ հայկական եկեղեցում սուրբծննդյան պատարագի լուսանկարներ են հրապարակել: «Մենք ժամանեցինք Հալեպի ազատագրումից հետո առաջին քաղաքացիական չվերթով: Հայկական օրացույցով Սուրբծննդյան պատարագին մենք ուղղափառների, կաթոլիկների եւ բողոքականների հետ միասին քարոզ լսեցինք երկրի միասնականության մասին»,- գրել է Դյուիկը:
Կիրակի պատգամավորները վերադարձել են Դամասկոս: Նրանք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման հույս ունեն:
Ամեն դեպքում, պատգամավորները շտապել են ընդգծել, որ այս այցն իրենց սեփական նախաձեռնությունն է, եւ ոչ թե Ասադին աջակցելու, այլ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին Մարիանին հայտնել է «Europa 1» ռադիոկայանի հարցազրույցում:



