Կանադուհին վիճակախաղում մոտ 4 մլն դոլար է շահել քնի մեջ թվերի համադրությունը տեսնելու շնորհիվ
INTERNATIONAL NEWSԿանադայի բնակչուհի Օլգա Բենոն վիճակախաղում մոտ 4 մլն դոլար է շահել քնի մեջ թվերի համադրությունը տեսնելու շնորհիվ:
ВВС-ն հայտնում է, որ կինը 27 տարի շարունակ վիճակախաղի տոմս է գնել, որոնք մշտապես միանման է լրացրել: Շահումի երջանիկ տերը պնդել է, որ թվերի նվիրական համադրությունը երազում է տեսել դեռեւս 1989 թվականին: Դեկտեմբերի կեսին Օլգա Բենոն շահել է 5,3 մլն կանադական դոլարի (3,9 մլն ԱՄՆ դոլար) ջեքփոթը: «Ես թվերն անգիր գիտեմ եւ ինձ թվաց, որ խաղարկելուց հետո ես դրանք հեռուստաէկրանին տեսա, բայց տեսողությունս այնքան էլ լավ չէ, ուստի որոշեցի դրա մասին պարզապես մոռանալ»,- ասել է նա: Հաջորդ օրը Բենոն հեռախոսով քրոջ հետ զրուցելիս աչքի է անցկացրել թերթը: Համարի վերջում նա տեսել է թվերի նույն ծանոթ համադրությունը:
Շահումը նա կծախսի բնակարան ձեռք բերելու համար: Մոտ 10 տարի առաջ նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Բուժման համար վճարելու նպատակով նա ստիպված էր եղել տունը վաճառել: Այժմ նա կկարողանա վարձով տնից սեփական տուն տեղափոխվել:



