Հայկական հենակետում հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում հայկական մարտական դիրքերում հայտնաբերվել է ադրբեջանական Զինված ուժերի համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրո ւթյան մեջ:
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով մինչև 7 զոհ, վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությու նը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:



