ՊԵԿ նախագահն այցելել է զորամաս և շնորհավորել զինվորներին գալիք տոների առթիվ
SOCIETYԱմանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին գալիք տոների առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել սպայակազմի և զինվորների կենցաղային պայմաններին, մարտական հագեցվածությանը, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Վարդան Հարությունյանը մասնակցել է նաև Ամանորի առթիվ զորամասում կազմակերպված զինվորների խրախուսման միջոցառմանը: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում միշտ եղել է Հայոց բանակի կողքին և հետագայում նույնպես կշարունակի ցուցաբերել աջակցություն:
Վարդան Հարությունյանը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, կարևորել է զինվորի մեծ դերը Հայրենիքի պաշտպանության գործում. «2016 թվականը եղել է բարդ տարի. ապրիլյան պատերազմում հայ զինվորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բարձր է մարտական ոգին և միշտ պատրաստ է արժանի հարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության: Ուժ, կորով, տոկունություն և խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայրենիքի պաշտպաններին»:



