Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովն ավարտել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները
SOCIETYԹուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը որոշակի փոփոխություններով հավանություն է տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծին, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նախագծի 21 կետից 18-ն ընդունվել են 5-օրյա քննարկումներից հետո, վերջին օրվա քննարկումը եղել է ամենաերկարատևը և տևել է մոտ 17 ժամ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը` լարված մթնոլորտում անցած քննարկումներն անգամ ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով ու հրմշտոցով:
Ըստ հավանության արժանացած նոր նախագծի` Թուրքիայի խորհրդարանը կարող է ունենալ ոչ թե 550, այլ 600 պատգամավոր, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետն ավարտած պատգամավորները հնարավորություն կունենան վերընտրվելու:
Ըստ նոր նախագծի՝ պատգամավոր ընտրվելու նվազագույն տարիքը 25-ից իջեցվել է 18-ի:
Նախագծի համաձայն՝ այսուհետ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ոչ թե 4, այլ 5 տարին մեկ:



