Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս դեսպանի սպանության հարցը
INTERNATIONAL NEWSLenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հարցը։
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, ըստ որի՝ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինին իրազեկել է ռուս դեսպանի սպանության հետաքննության մասին։
Ընդգծվել է, որ ռուսական ու թուրքական իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցում են այդ հարցում, համակարգում են իրենց ջանքերը։
Երկու երկրների առաջնորդները գոհունակություն են հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների ավարտվելու կապակցությամբ։
Դրա շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության գործընթացի գործարկման համար, որը նախատեսում է Սիրիայի ողջ տարածքում ռազմական գործողությունների դադարեցում և անցում կատարում քաղաքական կարգավորմանը։
Դեկտեմբերի 23-ին Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը առաջին հերթին մահափորձ էր Ռուսաստանի ու երկու երկրների միջև հարաբերությունների դեմ։



