Հաջորդ տարի հրաձիգներն ավելի լավ արդյունքներ ցույց կտան
SOCIETYՀայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը հրաձգությունն է, որ նախորդ տարիների ընթացքում լուրջ աճ է գրանցել: Հայաստանի հրաձգային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին՝ խոսելով ձեռքբերումների, ֆեդերացիային հատկացվող ֆինանսների ավելացման, հեռանկարային երիտասարդների մասին:
-Պարոն Նիկողոսյան, ինչպիսի՞ն էր 2016 թվականը հրաձգության համար:
-Եթե ես գնահատեմ, ապա` բավարար: Սակայն սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը գնահատեց անբավարար: Մենք տարվա ընթացքում մասնակցել ենք ավելի քիչ մրցումների, քան նախորդ տարիներին` պատճառը եղել է գումարի պակասը և այն, որ երկու մրցաշար անցկացվում էր Ադրբեջանում: Երիտասարդների աշխարհի առաջնությանը չմասնակցեցինք, քանի որ ֆինանսավորումը չբավարարեց: Իսկ ընդհանուր առմամբ, մեր մարզիկների արդյունքները բարձրացել են: Հաջորդ տարի հրաձիգներն ավելի լավ արդյունքներ ցույց կտան, քան այս տարի:
-Ավելացել է հրաձգությանը հասանելիք պետական ֆինանսավորման չափը: Ի՞նչ բացեր կարող է փակել ավելացված գումարը:
-Մեր ֆինանսավորումը մինչ այժմ եղել է 26 միլիոն դրամ, հիմա ավելացել է՝ դառնալով 44,5 միլիոն դրամ: Անշուշտ, այս գումարը կօգնի մեզ: Մենք ունեինք պատանիներ, ովքեր չէին մասնակցում միջազգային մրցաշարերի, թեպետ նրանցից մեդալների հույս չունեինք, բայց փորձ ձեռք բերելով՝ տարիներ անց նրանք կարող են մեդալակիրներ դառնալ: Այնպես չի լինում, որ գումարն այսօր տրվի, և վաղն էլ մեդալ լինի… Այդպես չի լինում:
-Տարին օլիմպիական էր, և հրաձգությունը մեկ սպիտակ քարտի միջոցով մասնակցեց Ռիոյի խաղերին: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:
-Հրաչիկ Բաբայանի գրանցած արդյունքն իմ սպասելիքներից ցածր էր: Նա լավ մարզավիճակում էր, և մինչ այդ էլ հավաքներ ունեցանք Լեհաստանում և տեղում` Ռիոյում: Սակայն այդ դեպքում փորձի պակասն իրենն արեց` 50 մասնակիցների շարքում նա գրավեց 24-րդ տեղը:
-Նախօրեին ֆեդերացիան ամփոփեց տարին, և երեք լավագույններ ճանաչվեցին Հայկ Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը և Զավեն Իգիթյանը: Ի՞նչ հեռանկար եք տեսնում նրանց համար:
-Երեքն են ընտրվել, սակայն կարող էին նաև 13-ը լինել: Իսկ այդ երեքից՝ Հայկից, Լիլիթից և Զավենից հաջորդ տարի մեծ սպասելիքներ ունենք և մեդալներ ենք ակնկալում:
-Եվ ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ տարվա համար:
-Տարին, ավանդույթի համաձայն, կսկսենք Մյունխենի միջազգային մրցաշարին մասնակցելով: Գերմանիա կմեկնեն 11 մարզիկ: Այնուհետև մարզումային շրջան կունենանք Երևանում և արդեն կնախապատրաստվենք մարտին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Այս առաջնությանը կմասնակցենք բոլոր ձևերով` աղջիկներ, տղաներ, վազող թիրախ, հրացան, ատրճանակ:



