Հայաստանի ու Իրանի հարաբերությունների իրավապայմանագրային բազան կազմում են 70 փաստաթղթեր
SOCIETYՀայ-իրանական դարավոր բարիդրացիական հարաբերություններն առավել ամրապնդվել ու խորը իրավապայմանագրային բազայով են համալրվել վերջին 25 տարիների ընթացքում` ՀՀ անկախության հռչակումից ի վեր:
Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչել է Հայաստանի անկախությունը: 1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հարաբերությունների սկզբունքների եւ նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:
1992թ. ապրիլին Երեւանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու պետություններն ունեն տարբեր ոլորտներում ստորագրված 70 փաստաթուղթ` համաձայնագրեր, պայմանագրեր, փոխըմբռնման հուշագրեր:
Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաեւ միջմարզային գործակցության ոլորտում:
Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: 1995թ. ստորագրվեց Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը:
Թե իրանական, թե հայկական կողմը վստահ են, որ երկկողմ առևտրաշրջանառությունը բավարար չէ առկա ներուժի համեմատ:
2015-ին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կազմել է 276 միլիոն 360.7 հազար ԱՄՆ դոլար: Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Իրանի տեսակարար կշիռը 2015-ին եղել է 5.8 տոկոս: Ինչ վերաբերում է արտահանման ու ներմուծման ցուցանիշներին, ապա անցած տարի Հայաստանից Իրան արտահանվել է 78 միլիոն 22.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, որը, սակայն, 2014-ի համեմատ նվազել է 6 միլիոն 953.2 հազար դոլարով:
2015-ին Իրանից Հայաստան է ներմուծվել 182 միլիոն 460.6 հազար դոլարի երրորդ երկրներում արտադրված ապրանք, 198 միլիոն 338.1 հազար ԱՄՆ դոլարի՝ իրանական ծագման արտադրանք:
Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, քիմիկատներ, իրեր` քարից, գիպսից, ցեմենտից, ավտոմեքենաներ, սարքավորումներ, արդյունաբերակա



